Հասարակական

Մոմերը վառելու են՝ հույսով, որ Լեռնային Ղարաբաղը մեկ օր կրկին հայկական կլինի

2 րոպեի ընթերցում

Մոմերը  վառելու են՝  հույսով, որ Լեռնային Ղարաբաղը մեկ օր կրկին հայկական կլինի

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Պետրոսյանների երիտասարդ ընտանիքը վերջին հինգ տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ է տունը կորցնում։ Երեք որդիների հետ ընտանիքն այսօր Գյումրիում է՝ հույսով, որ սա վերջին տեղափոխությունն է։

DSC00400.jpeg (1.47 MB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանների ընտանիքի հայրը՝ Մարատը, պատմում է, որ ադրբեջանական ջարդերից մազապուրծ՝ ծնողների հետ Բաքվից տեղափոխվում է Շուշիի շրջանիՔարինտակգյուղ։

«Քարինտակում տունը սեփական ձեռքերով եմ սարքել՝ աշխատում էի ու գումար կուտակում, պետությունն էլ օգնեց։ Երկու որդի ունեցանք։ Տուն կառուցեցինք»,-պատմում է Մարատը՝ նշելով, որ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով որդիների ու կնոջ հետ տեղափոխվել են Ստեփանակերտ ու նույնը կրկվել է՝ նոր տուն, նոր կենցաղ։ Ստեփանակերտում ծնվել է նրանց երրորդ զավակը՝ Արամը։

2023-ի սեպտեմբերի հարձակումից հետո ընտանիքը կրկին բռնել է գաղթի ճամփան՝ այս անգամ արդեն դեպի Հայաստան:

«Շատ դժվար է՝ այնտեղ ենք թողել ամեն ինչ՝ տարիների վաստակը, բայց ամենադժվարը մայրիկիս ու հայրիկիս գերեզմաններն այնտեղ՝ թշնամու մոտ թողնելն է՝ մայրս թաղված է Քարինտակում, հայրս՝ Ստեփանակերտում։ Միակ բանը, որ մեզ հետ բերել ենք, աստվածապատկերն է ու մեր ընտանիքի լուսանկարը, որտեղ երկու որդիներիս ծննդյան օրն ենք նշում»,-ասում է ընտանիքի հայրը։

Սեպտեմբերի 27-ին ընտանիքը նախ եկել է Երևան, այնուհետև տեղափոխվել Գյումրի, որտեղ մի ընտանիք բնակարանը ժամանակավոր, առանց վարձավճարի տրամադրել է իրենց։

Հիմա Պետրոսյանների ընտանիքը մտածում է աշխատանք գտնելու մասին, գիտեն՝ դժվար է լինելու՝ նոր քաղաք, նոր շրջապատ ու մարդիկ։ Ավագ որդիներն արդեն դպրոց են գնում: «Ամենադաժանը հիշողություններով ու կորստի գիտակցումով ապրելն է»,-հավելում է ամուսինը՝ ցույց տալով Ստեփանակերտի Սբ Աստվածածին եկեղեցուց բերված մոմերը, որոնք ընտանիքը վառելու է այստեղ՝ հույսով, որ հարազատ Լեռնային Ղարաբաղը մեկ օր հայկական կլինի։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում