ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության տնօրեն Տոմաժ Լովրենչիչին, որի ղեկավարած կառույցն արդեն երկրորդ տարին է, ինչ հյուրընկալում է Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր ծրագրերի և միջոցառումների։
«Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Լովրենչիչին՝ երեխաներին հյուրընկալելու համար՝ նշելով, որ իրականացված այցերի շրջանակում սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրումն երեխաների համար դրական ազդեցություն է ունեցել․ միաժամանակ նախարարն առաջարկել է ծրագրի նոր փուլում ընդգրկել ԼՂ-ից բռնի տեղահանված և ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքների երեխաներին ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Տոմաժ Լովրենչիչը ներկայացրել է «Մարդկային անվտանգության խթանում» կազմակերպության կողմից այս պահին իրականացվող ծրագրերն ու այդ համատեքստում կարևորել խոցելի խմբերի երեխաների լիարժեք ներառմանն ուղղված աշխատանքները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակում երրորդ այցի կազմակերպման, մասնավորապես՝ շահառուների շրջանակին, իրականացման ժամկետներին առնչվող մի շարք հարցեր ևս։ Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։