ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Լեռնային Ղարաբաղում միջազգային երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման թեմաներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պատելը շեշտել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է։

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և, իհարկե, երկրում օրենսդրական գործընթացների մեկնաբանումը կթողնենք Հայաստանի կառավարությանը։ Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանին միանալու՝ յուրաքանչյուր երկրի իրավունքը և ոգեշնչվել ենք այն բանից, որ բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, պարտավորություններ են ստանձնել՝ խթանելու արդարությունը, պատասխանատվության ենթարկումը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար», - նշել է պաշտոնյան։

Պատելը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության։

Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է կողմ լինել Լեռնային Ղարաբաղ ավելի երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկելուն։

«Եվ դուք նաև տեսել եք, որ մենք այս վերջին շաբաթվա ընթացքում և դրանից առաջ, կրկնում ենք մեր կոչը՝ Լեռնային Ղարաբաղում ունենալու ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն, որը կապահովի թափանցիկություն և հավաստիք, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը պաշտպանված լինեն, հատկապես նրանց համար, ովքեր, գուցե, ցանկանան վերադառնալ, և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության առումով, ինչը, իհարկե, համահունչ է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրանց միջազգային պարտավորություններին», - ասել է Վեդանտ Պատելը։

Պատասխանելով ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այցին և նրանց տված եզրակացությանն այն մասին, թե իբր իրենք չեն տեսել քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ մշակութային օբյեկտներին հասցված վնասներ, Պատելը նշել է հետևյալը․«Մենք, անշուշտ, գնահատում ենք ՄԱԿ-ի խոսնակի այդ մեկնաբանությունները, սակայն դա չի փոխում այս առնչությամբ Միացյալ Նահանգների տեսակետը․․․ Մենք շարունակում ենք հավատալ, ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ ուժեղ ցանկություն և անհրաժեշտություն կա Լեռնային Ղարաբաղ ավելի երկարաժամկետ, անկախ և միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու»։

Հայերեն English Español Français Русский

ՆԳՆ քրեական ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել. մեկ անձ ձերբակալվել է

Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածությունը

Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր

ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից

Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT

«Փարոս» բարեգործական հիմնադրամի միջոցներով Գյումրիում կառուցվում է սոցիալական բնակելի շենք

Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով