Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 59 հազար 59 անձ ՀՀ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցությունից

3 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 59 հազար 59 անձ ՀՀ տարբեր մարզերում օգտվել է պետական  աջակցությունից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 2-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 520 անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 107: «Այս ժամի դրությամբ ավելացում ունենք արդեն հաշվառվածների մեջ. այդ թիվը կազմում է 91 հազար 31: Հաշվառման գործընթացը շատ կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս նույնականացնելու անձանց և հնարավորություն տալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին հետագայում օգտվելու տարբեր սոցիալական ծրագրերից»,-ասաց Բաղդասարյանը:

Նա հավելեց՝ 59 հազար 59 հոգի տարբեր մարզերում օգտվել են պետական աջակցությունից: «Դա ենթադրում է, որ նրանք օգտվել են կամ կեցավայրերից, կամ կան որոշ դեպքեր, երբ ԼեռնայիՆ Ղարաբաղից բռնի տեղահանված ունեն կեցավայրեր, սակայն նրանց տրամադրվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, նախնական ֆինանսական միջոցներ»,-ընդգծեց նա:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև 100 հազարական դրամների տրամադրմանն ու հիշեցրեց, որ այն մարդիկ, որոնք ունեն բանկային, քարտային հաշիվներ, նրանց հետ կապված գործընթացը ավելի հեշտ կլինի: «Այդ պարագայում ՀՀ կառավարության որոշման հաստատումից հետո գումարների փոխանցումը 1 կամ երկու օրվա ընթացքում կլինի: Այլ խնդիր է այն անձանց հետ, որոնք չունեն քարտային հաշիվ: Այդ դեպքում հարկավոր է որևէ մոտակա բանկում բացել բանկային քարտային հաշիվ»,-շեշտեց Նազելի Բաղդասարյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում