Փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին դպրոց ընդունելու հարցում․ ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացի դիմել է դպրոց՝ երեխայի ուսումը կազմակերպելու հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Իհարկե հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը:

Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ տարբեր մարզերում: Մեր դպրոցները պատրաստված են դրան: Մենք ուղարկել ենք շրջաբերական գրություն, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը, մասնավորապես, ուզում եմ տեղեկացնել, որ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և այն ժամանակահատվածում, որ երեխաները կլինեն դպրոցում, առանց որևէ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու նրանց ընդունումը դպրոց տեղի կունենա»,- ընդգծեց Անդրեասյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ միևնույն ժամանակ կարգավորումներ են նախատեսվել բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք:

«Բոլորս հասկանում ենք, որ նրանք անցել են բարդ հոգեբանական դրության, փորձությունների միջով, և կրթության գործընթացն արդյունավետ լինելու համար նաև պետք է դառնա այն դրական ու ապահով միջավայրը, որը կստեղծի նաև սովորելու հնարավորություն: Այդ աշխատանքն անելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Գիտեք, որ ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ. բոլոր մասնագետները պատրաստ են, եկող շաբաթից կմեկնարկենք նաև վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար՝ աջակցելու նրանց այս իրավիճակում կարողանալ նաև համապատասխան միջավայր ձևավորել երեխաների համար: Կարծում եմ՝ մեր բոլոր դպրոցները, ուսուցիչները, սովորողները ջերմությամբ, հոգատարությամբ կընդունեն ցանկացած երեխայի, որն այսօր այս դժվարին իրավիճակում հայտնվում է մեր դպրոցներում»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Հայաստան մուտք գործող ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանցից ամեն երրորդն անչափահաս է։

«Բնականաբար, սա նշանակում է, որ դպրոցներում շատ անելիք կունենանք այս ուղղությամբ»,- հավելեց Անդրեասյանը։

Հայերեն Español Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ