3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Բռնագաղթված փախստականներով լի մեքենաների «գետեր են հոսում» Հայաստան Լեռնային Ղարաբաղից ՝ իրենց պապենական հողից, իրենց տներից, համայնքներից, գյուղերից ու քաղաքներից, քանի որ ոչ ոք չերաշխավորեց նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է»,-նշել է Մարուքյանը:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը շեշտել է՝ կասկած չկա՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այս արարքի համար։
Rivers of cars are flowing to Armenia with refugees forced out of Nagorno Karabakh, from their ancestral land, their homes, communities, villages and cities, because no one guaranteed their rights and securities in Nagorno Karabakh. This is a classic case of ethnic cleansing… pic.twitter.com/PT2BF8IsPf
— Edmon Marukyan (@edmarukyan) September 26, 2023
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորում և ընդունում են Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում, որտեղ նրանք ստանում են աջակցություն, գրանցում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում: