Հասարակական

Ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, դատապարտումը բավարար չէ. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, դատապարտումը բավարար չէ. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները, և Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն իր հայտարարությունում:

Պատգամավորը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ թեմայով քննարկումից հետո հայտարարել է, որ գործընկերների գնահատականների հետ համաձայն է:

« Ադրբեջանի համար, իսկապես, հետևանքների ժամանակն է, և դատապարտումը բավարար չէ: Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ի հակադրություն Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքի՝ Ադրբեջանն ակնհայտորեն վստահելի գործընկեր չէ: Անշուշտ ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի: Ադրբեջանական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում փորձում էր սովամահ անել էթնիկ հայերին, իսկ այժմ նրանք գնդակոծում են խաղաղ բնակչությանը՝ որպես իրենց էթնիկ զտումների քաղաքականության մաս: Բավական է»,-շեշտել է պատգամավորը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում