Հասարակական

Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց, ժամը 18։00-ի սահմաններում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո, նրանց կազմակերպմամբ, հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: Դրանք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ աղբյուրի՝ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նշվում է, որ իրականացվում է նախաքննություն։ Ձեռք բերված, համացանցում տարածված վերաբերելի տեսագրություններն ուսումնասիրվում են։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում