Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի Ադրբեջանը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել․Սարգիս Խանդանյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Խանդանյանն ասաց, որ այս խնդրին պետք է լուրջ վերաբերվել։
«Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքերի և տեխնիկայի կուտակումները վկայում են Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։ Այս խնդրին պետք է լուրջ վերաբերվել։ Գիտեք, որ բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի ավելացվի ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել»,- ասաց Խանդանյանը։