Հասարակական

Հայաստանի և Չինաստանի գիտությունների ակադեմիաները համագործակցության հուշագիր ստորագրեցին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չինաստանի  գիտությունների ակադեմիաները համագործակցության հուշագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Չինաստանը խորացնում են համագործակցությունը գիտության ոլորտում․ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի գիտությունների ակադեմիան Երևանում համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Հուշագրի համաձայն՝ Հայաստանի և Չինաստանի գիտությունների ակադեմիաները կզարգացնեն համագործակցությունը համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, գիտաշխատողների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու և համատեղ գիտաժողովներ ու սեմինարներ անցկացնելու, տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակման միջոցով։

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Չինաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը։

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշեց, որ Հայաստանի ու Չինաստանի գիտական ինստիտուտների միջև համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա։ «Մեր հետաքրքրությունների շրջանակում կարող է լինել ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, հումանիտար ուղղությունները։ Կարծում եմ, որ պետք է ակտիվացնել մեր գիտական ինստիտուտների միջև գիտնականների շփումները և կոնկրետացնել համագործակցության ուղիները։ Դա հնարավոր է, առավել ևս, որ բավական փորձ ունենք։ Ես մոտ 20 տարի առաջ համագործակցել եմ չինացի գործընկերների հետ՝ կյանքի կոչելով մի քանի նախագծեր»,- ասաց Սաղյանը։

Չինաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինն էլ ընդգծեց, որ Չինաստանի գիտությունների ակադեմիան ունի 100-ից ավելի ինստիտուտներ, որոնցում ներգրավված են հազարավոր գիտնականներ։ «Մենք հիմնարար ու կարևոր կառույց ենք մեր երկրի համար։ Տարբեր քաղաքների տեղական մարմինների հետ համագործակցությամբ ստեղծել ենք բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ունենք գիտական հետազոտությունների բարձր մակարդակ։ Այդ համատեքստում մեր ակադեմիան տարիներ շարունակ առաջնային տեղերում է աշխարհում։ Մենք հիմնել ենք գիտական խոշոր ենթակառուցվածքներ և դրանք բաց են մեր միջազգային գործընկերների համար։ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս այլ երկրների, հատկապես Հայաստանի հետ համագործակցությանը, և կարևորում ենք այս հուշագրի ստորագրումը»,- նշեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում