Հասարակական

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ստացավ տիեզերական գործունեության լիցենզիա

3 րոպեի ընթերցում

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ստացավ տիեզերական գործունեության լիցենզիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա հանձնեց Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին, որն առաջիկայում SpaceX-ի հրթիռով առաջին հայկական արբանյակը կուղարկի տիեզերք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորելով Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անձնակազմին՝ ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է տիեզերական գործունեություն զարգացումը Հայաստանում:

«Սա նշանակալի իրադարձություն է մեզ համար, քանի որ առաջին մասնավոր ընկերությունն եք, որ տիեզերական գործունեության լիցենզիա եք ստանում: Ձեր կատարած աշխատանքն արդեն իսկ տեսանելի է, և հուսով ենք, որ լիցենզիան ստանալուց հետո էլ ավելի կընդլայնվի ձեր գործունեությունը, ավելի մեծ և ծավալուն աշխատանք կիրականացնեք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստակամ է օգնել, աջակցել լաբորատորիայի գործունեությանը:

Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նշեց՝ լիցենզիան իրենց համար տիեզերական գործունեություն վարելու կանաչ լույսն է:

«Տեսնում ենք պետության գործուն աջակցությունը, հեռանկարային մոտեցումը, հետևաբար, ոգևորված ենք և այդ ոգով կշարունակենք իրականացնել մեր գործն ու առաքելությունը: Համոզված եմ, որ տիեզերական գործունեության խթանումը արդյունավետ լոկոմոտիվ կհանդիսանա մեր երկրում բոլոր գիտարար և տեխնոլոգիական ոլորտների զարգացման համար»,- նշեց Գրիգորյանը:

Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, CSIE-ի հետ համատեղ աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:

Արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով: Bazoomq-ին ավելի լավ ծանոթանալու համար կարդացեք «Արմենպրես»-ի անդրադարձը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում