Հասարակական

«Արմենպրես»-ն ու Հայաստանի պատմության թանգարանն ընդլայնում են համագործակցությունը. կնքվեց հուշագիր

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ն ու Հայաստանի պատմության թանգարանն ընդլայնում են համագործակցությունը. կնքվեց հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանի և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության միջև ստորագրվեց հուշագիր, որով արձանագրվեց երկու կառույցների համագործակցության նոր փուլն ու մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու կառույցներն առաջիկայում նոր նախաձեռնություններով հանդես կգան:

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը խորհրդանշական համարեց, որ համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին հայտարարում են Հայաստանի պատմության թանգարանը, որը օրերս կտոնի հիմնադրման 104-ամյակը, և «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որն այս տարի նշում է 105-րդ տարեդարձը:

MXO_2793.JPG (696 KB)

«Երկու կառույցներն իրենց մեջ պատմություն են կրում, մեկ դարից ավելի Հայաստանի Հանրապետության կողքին են և հանձնառու են նոր նախաձեռնություններով, գաղափարներով ու ավելի ստեղծարար մոտեցումներով ինչպես մինչև օրս փոխանցված ժառանգությունը «վերադարձնել» հանրությանը, այնպես էլ այսօր կերտվող պատմությունը վավերագրել ու թողնել սերունդներին»,- նշեց Նազարյանը։

Նա կարևոր համարեց Հայաստանի պատմական, մշակութային ժառանգությունը նաև աշխարհին ներկայացնելը, որը հնարավոր կդառնա «Արմենպրես»-ի` միջազգային գործընկերների հետ ամուր հարաբերությունների, տասնամյակների քննությունը բռնած հուսալի կապերի և գործակալության բազմալեզու լրատվական ժապավենի շնորհիվ։

MXO_2816.JPG (751 KB)

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ևս նշեց, որ երկու կառույցներն էլ գալիս են դեռևս Առաջին հանրապետությունից, ունեն ավելի քան 100 տարվա պատմություն, շատ հետաքրքիր և բազմաբովանդակ գործունեություն, ժառանգություն, ավանդույթներ և ամենակարևորը՝ միմյանց օգնելու մեծ հնարավորություններ:

«Այս առումով թանգարանի համար շատ կարևոր էր «Արմենպրես»-ի նման գործընկեր ունենալը, և անընդհատ կազմակերպվող հանրային, մշակութային տարբեր միջոցառումներն «Արմենպրես»-ի հետ համատեղ լուսաբանելը, ներկայացնելը»,-ասաց նա:

MXO_2829.JPG (778 KB)

Պողոսյանն ընդգծեց՝ թանգարանի համար սա առաջին նման հուշագիրն է կայացած լրատվական գործակալության հետ: Նրա խոսքով՝ երկու կառույցները միասին համագործակցելու շատ գաղափարներ ունեն:

«Ե՛վ «Արմենպրես»-ը, և՛ Հայաստանի պատմության թանգարանն արխիվային վավերագրական լուսանկարների, տեղեկատվական նյութերի մեծ պաշար ունեն, որոնք պահվում են երկու կառույցներում: Դրանք հետագայում կդառնան հետաքրքիր թեմատիկ կամ տարբեր ձևաչափի ցուցադրություններ»,- ասաց նա:

MXO_2804.JPG (748 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում