Հասարակական

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվեց Սիրիայի Արաբական Հանրապետության լսարան

3 րոպեի ընթերցում

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվեց Սիրիայի Արաբական Հանրապետության լսարան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվեց Սիրիայի Արաբական Հանրապետության լսարան, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան Սիրայի մշակույթին խորությամբ ծանոթանալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Սիրիայի դեսպանությունը Սիրայի մշակույթի նախարարության աջակցությամբ մոտ 100 գիրք նվիրեց լսարանին:

Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը կարևորեց նման լսարանի բացումը: Նրա համոզմամբ սա կարևոր համագործակցության դրսևորում է Սիրիայի և Հայաստանի միջև:

«Մեր կարծիքով լսարանը պետք է դառնա կարևոր հարթակ կրթական, լեզվական, մշակութային հարաբերությունները ավելի զարգացնելու համար»,- նշեց դեսպանը:

Արիսյանը ընդգծեց՝ լսարանը ոչ միայն ուսանողների, նաև դասախոսների համար անհրաժեշտ հարթակ է լինելու:

«Այստեղ դասախոսություններն անցկացվելու են ինտերակտիվ ձևաչափով: Կլինեն նաև օնլայն դասեր, որոնք կանցկացնեն Սիրայի մեր մասնագետները՝ լեզվաբանները, պատմաբանները, գրողները և այլն: Սա կարող է նաև հարթակ լինել դասախոսների համար՝ ավելի լավ ճանաչելու Սիրայի մշակույթը և պատմությունը:

Բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց՝ ԵՊՀ-ում տարբեր ազգերի մշակույթը, լեզուն և պատմությունը ներկայացնելու ավանդույթ կա:

«Մենք սովորեցնում ենք երկրագիտություն, որպեսզի ուսանողն ավարտելուց հետո կարողանա ամբողջական պատկերացում կազմել տվյալ երկրի մշակույթի մասին, և լսարանների բացումը այդ համատեքստում ենք դիտարկում»,- նշեց ռեկտորը: Նրա խոսքով լսարանի բացումը երկու երկրների դարավոր բարեկամության վկայությունն է:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրումից ի վեր Սիրիան դե ֆակտո ներկա է եղել, ի դեմս նոր լսարանի Սիրիան այսուհետ դե յուրե ներկա է արևելագիտւթյան ֆակուլտետում:

«Աշխարհում հայ-սիրիական հարաբերությունները օրինակելի են, և այդ բարի կամեցողությունը սկսում է ուսանողական նստարանից: Վստահ եմ, որ այս լսարանից դուրս են գալու նոր դեսպաններ, նոր մասնագետներ, որոնք շարունակելու են ամրապնդել հայ-սիրական հարաբերությունները»,- նշեց Մելքոնյանը:

Լսարանն առաջիկայում կհամալրվի գերժամանակակից smartboard-ով, որը կլինի համալսարանի ներդրումը սրահի կայացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում