Հասարակական

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

2 րոպեի ընթերցում

Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդը հյուրընկալել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին և Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ղպտի ուղղափառ եկեղեցու «Ֆեյսբուք»-ի էջը։

a2.jpg (135 KB)

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի շրջանի ապօրինի և անմարդկային շրջափակմանը, և Պապ Թավադրոս Երկրորդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին բացել Հարավային Կովկասի Լաչինի միջանցքը՝ բնակչության անվտանգության ապահովման և նրանց սովից փրկելու նպատակով՝ ընդգծելով, որ այս կենսական միջանցքը փակվել է դեռևս 2022թ․ դեկտեմբերից։

«Ուղղափառ եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների միջև խաղաղություն կհաստատվի։ Հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդն ու Կահիրեում Հայաստանի դեսպանը Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թավադրոս Երկրորդին հրավեր են ուղղել ներկա գտնվելու Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։ Պապը խոստացել է արարողությանը մասնակցելու նպատակով ղպտիական եկեղեցու պատվիրակություն ուղարկել Էջմիածին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունն էլ հայտնում է, որ հանդիպմանը ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ղպտի հոգևոր առաջնորդին է ներկայացրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը և ընդգծել միջազգային հանրության կողմից անհապաղ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը և ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը և իրավունքները։

a3.jpg (117 KB)

a4.jpg (181 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում