Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակությունը կոչ է անում Մակրոնին ԼՂ հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն և արհամարհում է միջազգային իրավունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:

«Բոլոր նրանք, որոնք ներկա են այստեղ, շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Արցախում: Սակայն այդ նույնը չի կարելի ասել շատերի մասին, որոնք Հայաստանից դուրս են: Շատերը չգիտեն, որ 2023 թվականին Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն: Շատերը չգիտեն, որ Արցախում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, որ նորածինները բավականաչափ սնունդ չունեն և շատերը չգիտեն, որ խիստ սահմանափակ է նաև գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հասանելիությունը մարդկանց համար: Այդ մարդիկ այդ ամեն ինչից զրկված են Ադրբեջանի պատճառով, որը արհամարհում է միջազգային իրավունքը: Ահա, թե ինչու են Ֆրանսիայի տարբեր շրջանների ներկայացուցիչները միացել և կազմակերպել մարդասիրական այս շարասյունը, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել՝ մինչև միջազգային իրավունքի ամբողջապես գործելը: Եվ դա մեզ արգելվեց: Եվ սա ենք ուզում ազդարարել և դատապարտել»,- ընդգծեց Քսավիեն:

Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահը կոչ է անում միջազգային մյուս դերակատարներին նմանատիպ նախաձեռնություններ ևս կազմակերպել դեպի Արցախ:

« Բնականաբար, Եվրոպայում կան այլ խնդիրներ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, բայց ողբերգություն է տեղի ունենում նաև այստեղ, և մենք Հայաստանի ու Արցախի կողքին ենք: Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը բանտ դարձնել և այնտեղից քշել բնակիչներին: Մենք չենք ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղը դառնա վանդակ, այլ ցանկանում ենք, որ այնտեղի բնակիչները ազատ ապրեն»,- ասաց Բերտրան Քսավիեն:

Նա նաև հարց ուղղեց միջազգային հանրությանը, թե ինչ է պետք անել, որպեսզի իրենք վերջապես արթնանան:

« Արդյոք պետք է սպասել մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս, որ Արցախում հարյուրավոր զոհեր լինեն: Արդյո՞ք սրան է պետք սպասել, որ միջազգային հանրությունը վերջապես արթնանա:

Մենք ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ ենք, բայց բոլորս պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից, որպեսզի ներկայացնի ՄԱԿ ԱԽ-ում բանաձև՝ ի շահ Արցախի ժողովրդի»,- եզրափակեց Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահը:

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

Հայերեն العربية English Русский Türkçe

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին