Հասարակական

Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը

3 րոպեի ընթերցում

Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր ինքնաթիռների ավիաշոու, ավիամոդելավորում, պարապլանով թռիչք, դրոններով շոու, ուղղաթիռներով և պարաշյուտով թռիչք, նաև փորձառու օդաչուների դասախոսություններ. Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա արդեն 4-րդ Air Fest-ն էր, սակայն նախորդ 3-ն անցկացվել էին Արցախում։ Ստեփանավանում անցկացվող օդային փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև Վրաստանից և Ռուսաստանից։

Ամբողջ օրվա ընթացքում Ստեփանավանի օդանավակայանի երկնքում սավառնում էին թռչող սարքեր՝ տարբեր մակնիշի փոքր ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դրոններ, պարապլան, թռիչքներ իրականացրեցին նաև պարաշյուտները։

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ փառատոնը առաջին անգամ մեկնարկել է 6 տարի առաջ 2017 թվականին Արցախում։

Air Fest-ը երեք տարի Արցախում անցկացնելուց հետո կորոնավիրուսի և պատերազմի պատճառով երեք տարի չի կայացել, այս տարի էլ շրջափակման պատճառով չկարողացան այն Արցախում իրականացնել, այդ պատճառով որոշվեց այն անցկացնել Ստեփանավանում:

«Նախ՝ Ստեփանավանը կլիմայի առումով շատ բարենպաստ է, բացի այդ, այստեղ կա հին օդանավակայանի վազքուղին, որը դեռ ինչ-որ ձևով հնարավոր է շահագործել փոքր ինքնաթիռների համար։ Երրորդ պատճառն էլ այն է, որ այստեղ ոչ մի միջոցառում տեղի չի ունենում, առավել ևս, երբ օդանավակայանի պես հարստություն ունեն»,- ասաց փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամի տնօրեն Արմեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը։

Ֆեստը մեկնարկեց փոքր ինքնաթիռների ավիաշոուով, որին մասնակցում էին 10-ից ավելի ինքնաթիռներ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից։

«Այն ժամանակ փոքր քայլերով սկսեցինք․ Արցախում, ցավոք, միայն 2 ինքնաթիռ կարող էր մասնակցել, այսինքն՝ նրանք, որոնք այստեղ էին։ Քանի որ օդը փակ էր, դրսից հյուրեր չէին կարող գալ: Այս տարվա հյուրերի քանակը ցույց է տալիս, որ փառատոնը պահանջարկ ունի»,- նշում է Արմեն Սարգսյանը։

Փառատոնի կազմակերպմանն աջակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն և ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի խոսքով՝ այս փառատոնն ամբողջովին ներկայցնում է արկածային տուրիզմի մեր պոտենցիալը։

«Մենք, իհարկե, բացի մշակույթը, բնությունը, խոհանոցն ու գինին ունենք նաև շատ հետաքրքիր արկածային փորձություններ և նման փառատոնների միջոցով կարող ենք այն առաջարկել և՛ հայաստանցիներին, և՛ իհարկե զբոսաշրջիկներին»,- ասաց Պօղոսեանը:

Կազմակերպիչները վստահ են, որ սա դեռ սկիզբն է, և հաջորդ տարիներին կավելանա թե մասնակիցների ու հյուրերի թիվը, թե աշխարհագրությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում