Հասարակական

Կապանի թիվ 2 ավագ դպրոցում աշակերտները «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում կսովորեն համակարգիչներով համալրված նոր լսարանում

4 րոպեի ընթերցում

Կապանի թիվ 2 ավագ դպրոցում աշակերտները «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում կսովորեն համակարգիչներով համալրված նոր լսարանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ ամիս է՝ պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության և այլ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) դպրոցական փորձարարական ծրագիրը, որի շրջանակում հիմնադրամի թիմը հանդիպումներ է ունենում տարբեր մարզերում։ Ծրագրի մանրամասներն ու հեռանկարները շահառուներին ներկայացնելու նպատակով հերթական այցը Կապանի թիվ 2 ավագ դպրոցում էր, որտեղ կայացավ իրազեկման հանդիպում ուսուցչական անձնակազմի, ծնողների և աշակերտների հետ։ Հիմնադրամը նաև համակարգիչներ նվիրաբերեց ուսումնական հաստատությանը՝ հնարավորություն տալով աշակերտներին արդի սարքավորումներով և ծրագրերով նախապատրաստվել և ծանոթանալ արհեստական բանականության ոլորտին։

ԱԲ սերունդ 1.JPG (93 KB)

«ԱԲ սերունդ» ծրագրի նպատակը մարզերում որակյալ մաթեմատիկական կրթության ապահովումն ու դրա հենքի վրա մրցունակ ԱԲ մասնագետների սերնդի ձևավորումն է՝ սկսած դպրոցից։ Հաշվի առնելով Սյունիքի նշանակալի դերը Հայաստանի համար՝ որոշեցինք նաև արդիականացնել դպրոցի համակարգչային ենթակառուցվածքը՝ աշակերտներին ապահովելով որակյալ կրթության համար նվազագույն գործիքներով։ Սրանով մեկնարկում ենք մի կարևոր գործընթաց, որով տարբեր կառույցներին հրավիրում ենք միանալ վերազինելու տարբեր մարզերի դպրոցների համակարգչային լսարանները»,-ասաց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահՍյուզաննա Շամախյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի բարեհաջող ընթացքի ու համակարգային փոփոխության հասնելու համար FAST-ը մշտապես կարևորում է էկոհամակարգի տարբեր խաղացողների կողմից ջանքերի միավորումը։

ԱԲ սերունդ 2.JPG (90 KB)

Շահառուների հետ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկման ժամանակ ներկայացվեց «ԱԲ սերունդ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները, անդրադարձ եղավ նաև արհեստական բանականության ոլորտին, դրա կիրառություններին ու վերջին զարգացումներին։ Այնուհետև Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանի և Սյուզաննա Շամախյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համակարգիչներով համալրված նոր լսարանի հանդիսավոր բացումը, որից հետո աշակերտները հնարավորություն ստացան առաջին անգամ փորձարկել ծրագրի կրթական հարթակներից մեկը։

Համակարգիչների լսարան.JPG (96 KB)

«ԱԲ սերունդ» ծրագրի առաջին՝ դպրոցական բաղադրիչը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կփորձարկվի Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող ուսումնական հաստատություններում։ Ներդրվող փորձարարական ծրագիրը կներգրավի ավագ դպրոցների ավելի քան 250 աշակերտ և մոտ 40 դասավանդող 2023-2024 ուստարում։

Այցի ընթացքում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ընդունել է հիմնադրամի ներկայացուցիչներ Սյուզաննա Շամախյանին և Անուշ Այվազյանին, որի ժամանակ կողմերը քննարկել են «ԱԲ սերունդ» ծրագրի մանրամասները։ Նրանք նաև շեշտել են տեխնոլոգիական զարգացմանը նպաստող կառույցների ջանքերի միավորման ու համագործակցությունների հաստատման անհրաժեշտությունը՝ առավել մեծ ազդեցություն ունենալու նպատակով։

Հանդիպում Գևորգ Փարսյանի հետ.JPG (167 KB)

Հիմնադրամը շարունակում է մարզային այցերը, հաջորդիվ միջոցառումներ են սպասվում այլ քաղաքներում ևս, այդ թվում՝ ինդուստրիայի ներկայացուցիչների հետ հանդիպումներ Գյումրիում և Վանաձորում։

հանդիպում ծնողների հետ.JPG (207 KB)

Հանդիպում Կապանի համայնքապետի հետ.JPG (194 KB)

ԱԲ սերունդ 3.JPG (281 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում