Հասարակական

Քննարկվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հանդիպել է «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։

Նշված կազմակերպությունը պատրաստելու է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը, ինչպես նաև բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասը։

Գոռ Ավետիսյանը կարևորել է երկու թունելների վերականգնման նախագծերի պատրաստումը, քանի որ ճանապարհային այս ենթակառուցվածքները մեծ նշանակություն ունեն ՀՀ ճանապարհային ցանցում։ Քննարկվել է նախագծման, հետագայում նաև վերականգնման ընթացքում թունելներով երթևեկության հարցը։ Նշվել է, որ այս պահին Պուշկինի թունելը շրջանցող Հ-23 /Մ-3/-Պուշկինյան լեռնանցք-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նպատակով կատարվում է նախագծում, իսկ Դիլիջանի թունելը շրջանցող Հ-53 /Մ-4/-Սեմյոնովկա-/Մ-4/ ավտոճանապարհին 2020թ. կատարվել են անցանելիության ապահովման աշխատանքներ։

Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախագծող կազմակերպությանը անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և այլ հարցերում։ Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպելու և ընթացիկ աշխատանքները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Դիլիջանի և Պուշկինի թունելների նախագծումը կատարվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի խնայողությունների հաշվին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում