Հասարակական

Մի խումբ երիտասարդներ փակել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մուտքերը

2 րոպեի ընթերցում

Մի խումբ երիտասարդներ փակել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մուտքերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի խումբ երիտասարդներ հուլիսի 31-ի վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ։

Երիտասարդներ պահանջում են հանդիպում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ։

Անդրադառնալով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին Ադրբեջանի կողմից Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքին՝ ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում նշել են, որ ԿԽՄԿ-ն պետք է կարգավորի իր գործունեությունը, քանի որ այս պահին չի կարողանում ապահովել արցախցիների անվտանգությունը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է դիմել ցանկացած կառույցի, որ իր ազատ տեղաշարժն ապահովեն՝ թեկուզ ուժային միջոցներ կիրառելով, սակայն թույլ է տալիս, որ մարդ առևանգեն։ Եթե Կարմիր խաչը գիտեր, որ իրեն կարող են խոչընդոտել, նա կարող էր դիմել որևէ ուժային կառույցների, որպեսզի վերջիններս ապահովեն իր ազատ տեղաշարժը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցների մեկը, ով նաև մի քանի տարի շարունակ ԿԽՄԿ-ի կամավոր է։

Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահները ստուգել են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների անձնագրերը, հետո վերադարձրել են անձնագրերը, սակայն Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը չեն վերադարձրել։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել էին Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում