Արդարադատության ակադեմիան՝ միջազգային չափանիշներին առավել համապատասխան. մշակվել է զարգացման ռազմավարություն
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հարթակում առավել ճանաչված հաստատություն լինելու և իր հիմնական առաքելությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է Հայաստանի արդարադատության ակադեմիայի 2023-2026 թվականների ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռազմավարությունը մշակվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցություն ծրագրի շրջանակում:
«Այս փաստաթուղթը կարևորում եմ հատկապես այն տեսանկյունից, որ մշակվել է մեր գործընկերների հետ համատեղ՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ կլինի, որ հետագայում պարբերաբար ակադեմիայի գործունեությունը նաև նման ռազմավարությունների վրա հիմնվի»,-ասաց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Նա հավելեց՝ նպատակներից է ակադեմիայի գործունեությունն առավել համապատասխան դարձնել միջազգային չափանիշներին: Ուսումնասիրությամբ վերահանվել են բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առկա են: Խնդիրները կարող են կապված լինել ուսուցման մեթոդաբանության, օրենսդրության բացերի հետ: Ռեկտորի խոսքով՝ հենց այս հիմնական գաղափարներն էլ դրվել են գաղափարախոսության հիմքում: Փաստաթուղթը կներկայացվի ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանը: Մինչև այս պահը գործող իրավական կարգավորումների շրջանակներում որպես ակադեմիայի զարգացման ռազմավարություն են դիտարկվել ռեկտորների համապատասխան նախընտրական ծրագրերը:
«Այս ռազմավարությունը մեկ միասնական համապարփակ փաստաթուղթ է, որն ունի հստակ նախանշված գործողությունների ծրագիր առաջիկա 4 տարիների համար, որոնք չափելի են, իրատեսական ու հատուկ պլանավորված: Սա նաև բարձրացնում է հանրության առջև Արդարադատության ակադեմիայի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, հնարավորություն է տալիս հանրությանը տեղյակ լինել ակադեմիայի գործունեությանը: Սա նաև կարող է հանդիսանալ այն հիմնական փաստաթուղթը, որի միջոցով դոնորներն ու միջազգային կազմակերպությունները կարող են առավել թիրախավորված և առավել համապարփակ աջակցություն տրամադրել ակադեմիային առաջիկա 3-4 տարիների ընթացքում»,-ասաց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցություն ծրագրի փորձագետ Ալեն Մկրտչյանը՝ վստահեցնելով, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համահունչ:
Արդարադատության փոխնախարար, ակադեմիայի կառավարման խորհրդի ներկայացուցիչ Արա Մկրտչյանի գնահատմամբ՝ ռազմավարության մշակմամբ լուրջ հիմնարար քայլ է կատարվում: «Այսինքն՝ սահմանում ենք ռազմավարություն, ծրագիր, որով առաջնորդվելու է ակադեմիան: Գործելու են ինստիտուտները, ոչ թե անձինք»,-ասաց փոխնախարարը:
Նա վստահեցրեց՝ կփորձեն խորհրդի անդամներով լավարկել փաստաթուղթը, դրան տալ պաշտոնական տեսք, կջանան, որ ամրագրված դրույթներն իրականացվեն, տեսանելի լինեն արդյունքները:
Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարՖրանկ Հեսը կարծիք հայտնեց, որ ռազմավարության մեջ առկա են բոլոր անհրաժեշտ տարրերը: «Կարծում եմ, որ սա Արդարադատության ակադեմիայի կողմից շատ լավ նախաձեռնություն է, նման ռազմավարությունների մշակումը մշտապես մարտահրավեր է լինում: Մինչև ռազմավարության ավարտը պետք կլինի դիտարկել, թե արդյոք այն հաջողությամբ է իրականացվել և արդյոք ցանկանում եք այդ ճանապարհով գնալ»,-ասաց Ֆրանկ Հեսը:
Ռազմավարության տեսլականն է լինել անկախ և միջազգային հարթակում ճանաչված հաստատություն, որն արդարադատության ոլորտում ապահովում է ամենաբարձր մասնագիտական չափանիշները: Առաքելությունն է՝ իրավապահ և արդարադատության ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման միջոցով ապահովել արդարադատության իրականացման որակը, արհեստավարժությունը, բարեվարքությունը և ամրապնդել հանրության վստահությունը արդարադատության կառույցների նկատմամբ: Այդ տեսլականին ու առաքելությանը հասնելու համար ամրագրվել են ընդհանուր և հատուկ նպատակներ: Ընդհանուր նպատակներից են ռեսուրսների և կարողությունների ավելացում, ուսումնական ծրագրերի աստիճանական բարելավում, նաև արդարադատության և իրավապահ ոլորտի հաստատություններին լավ պատրաստված մասնագետներով ապահովումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ նպատակներից է, օրինակ՝ օրենսդրական և կարգավորող դաշտի թարմացումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, որ ակադեմիան ունենա ինստիտուցիոնալ և ֆինանսական անկախություն: Հատուկ նպատակներից է նաև ներքին ինստիտուցիոնալ կարողությունների և ռեսուրսների հզորացումը:
«Այսօր Արդարադատության ակադեմիան կանգնած է աշխատակիցների բարձր արտահոսքի խնդրի առջև: Եվ գլխավոր պատճառներից մեկը գրավիչ ֆինանսական պայմանների բացակայությունն է: 2017 թ-ից ի վեր ակադեմիայի բյուջեն չի ավելացել, թեև մասնագիտական պատրաստումներ և վերապատրաստումներ անցնող ունկնդիրների քանակը եռապատկվել է: Մեր ակնկալվող արդյունքը պետք է լինի կազմակերպաիրավական կառուցվածքի վերանայումը, նաև ներքին անձնակազմի կարողությունների հզորացումը»,-ասաց Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը: