Քաղաքականություն

ՀՀ-ն բարձր է գնահատում արևմտյան գործընկերների ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում. պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ն բարձր է գնահատում արևմտյան գործընկերների ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում իր արեւմտյան գործընկերների` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում իր ելույթում:

«Ինչպես գիտեք՝ Հայաստանն անցնում է մեծ դժվարությունների միջով` բախվելով անվտանգության ամենամեծ սպառնալիքներին: 2021 թվականից Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անօրինական օկուպացրել է մեր ինքնիշխան տարածքի զգալի մասը:

Մենք բարձր ենք գնահատում մեր արեւմտյան գործընկերների` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում»,-նշել է Ղազարյանը:

Այս համատեքստում պատգամավորն ընդգծել է Եվրոպական խորհրդի որոշումը` Անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին` նպաստելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձեւավորմանը ե'ւ Հայաստանի, ե'ւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը:

Ղազարյանը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը դեմ է անգամ այս քաղաքացիական առաքելությանը:

Պատգամավորը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաեւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հանգամանքի` Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վրա: Շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի հայերն ապրում են լիակատար պաշարման պայմաններում: Շուրջ 30 հազար երեխա զրկված է լիարժեք կրթության իրավունքից:

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության խնդիրները պետք է լուծվեն նաեւ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության միջոցով` գործընթացում չեզոք միջազգային ներգրավվածությամբ եւ խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմի ներդրմամբ:

Մեր այցից մի քանի օր առաջ, ադրբեջանական զինուժը կրկին հրետանային եւ անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղի դիրքերը` սպանելով 4 զինվորի:

Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն ու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է իրականացնում:

Մենք իսկապես հավատում ենք, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը, խաղաղ գոյակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է հիմնվի խաղաղ եւ ներդաշնակ ապրելու համար»,-ասել է Սոնա Ղազարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում