Հասարակական

Հայաստանի ՄԻՊ-ը տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ՄԻՊ-ը տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների դատական նիստին։

«Մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել և ստացված տեղեկատվությունն իրավական ձևակերպումներով ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասաց Մանասյանը:

ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ թեման անընդհատ բարձրաձայնում է բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

«Տվյալ պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ, և նրանց նկատմամբ պետք է տարածվեն այն երաշխիքները, որոնք, ըստ էության, հիմա շատ վիճելի է ասել՝ փաստացի տեսանկյունից տարածվո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ այս առումով միանշանակ է, որ, այո՛, պետք է քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:

Ըստ Հայաստանի Քննչական կոմիտեի, երկու զինծառայողները մայիսի 26-ին սնունդ են տարել դիրքեր ու վերադարձի ճանապարհին առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում