Հասարակական

Գլխավոր դատախազը կարևորում է Դատախազների միջազգային ասոցիացիայի դերը հանցավորության դեմ համատեղ պայքարում

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը կարևորում է Դատախազների միջազգային ասոցիացիայի դերը հանցավորության դեմ համատեղ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին: ՀՀ գլխավոր դատախազությունը 1999 թվականի մայիսի 17-ից անդամակցում է Դատախազների միջազգային ասոցիացիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Ասոցիացիայի փոխնախագահին հրավերն ընդունելու համար և կարևորել Ասոցիացիայի դերն ու առաքելութունը հանցավորության դեմ պայքարում առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով:

«Առավելապես կարևորում ենք Ասոցիացիայի կողմից անցկացված տարեկան համաժողովները, որին ՀՀ դատախազությունն ապահովում է իր ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հատկանշական համարել Ասոցիացիայի կողմից հրատարակվող ամենամյա պարբերականը, որում ներառվում են հանցավորության դեմ պայքարում տարբեր երկրների դատախազությունների փորձի վերաբերյալ տեղեկություններ:

Ըստ աղբյուրի՝ Աննա Վարդապետյանը կարևորել է նաև կայանալիք համաժողովին Ասոցիացիայի փոխնախագահի ներկայությունը և ընդգծել հանցավորության դեմ պայքարի համընդհանուր գերնպատակի իրականացման ուղղությամբ ջանքերի միավորման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում