Հասարակական

Եվրոպոլը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին

3 րոպեի ընթերցում

Եվրոպոլը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 27-ին ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարության վարչական համալիրում ՆԳ նախարարը և պատվիրակությունների ղեկավարները, ՆԳ նախարարության ղեկավար կազմը, պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

«ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր գնահատեց ՆԳ նախարարության և Եվրոպոլի միջև ձևավորված համագործակցությունը, ինչը ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություններից է։

Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին՝ Վահե Ղազարյանը կարևորեց այդ գործընթացում միջազգային գործընկերների դերակատարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորել է ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Քեթրին դը Բոլը բարձր է գնահատել արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով անդրազգային հանցավորության դեմ պայքարում համատեղ իրականացվող աշխատանքները։

Ողջունելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ նա այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Նշվում է, որ Եվրոպոլի գործադիր տնօրենը խոսել է նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում անդրադարձել է իրավապահ կառույցների արդյունավետ և շարունակական համագործակցությանը։

Քննարկվեցլ եներկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում