Հասարակական

Կանզասի նահանգապետն ու ԱՄՆ բրիգադային գեներալը կայցելեն Հայաստան

2 րոպեի ընթերցում

Կանզասի նահանգապետն ու ԱՄՆ բրիգադային գեներալը կայցելեն Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին հունիսի 22-23-ը Հայաստան կայցելի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, մանրամասնելով, որ նահանգապետի այցի նպատակը Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության 20-ամյա հոբելյանի նշանավորումն է և Կանզաս նահանգի ու Հայաստանի միջև կապերի հետագա ամրապնդումը։

Նահանգապետ Քելիին կուղեկցի ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդին, որը Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է այցելում Հայաստան։

Նահանգապետ Քելին և բրիգադային գեներալ Վեներդին կհանդիպեն ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ պաշտպանության, ներքին գործերի, կրթության, էկոնոմիկայի նախարարների հետ։ Նրանք նաև կայցելեն 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, Ռազմական համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան։

Կանզաս նահանգի և Հայաստանի Հանրապետության գործընկերության ծրագիրը սկիզբ է առել 2003թ․-ին Հայաստանի, ԱՄՆ Կանզաս նահանգի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրմամբ։ Ծրագրի շրջանակում Կանզասի Ազգային գվարդիան սերտորեն գործակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և այլ պետական կառույցների հետ՝ կյանքի կոչելով համատեղ նախաձեռնություններ՝ զինվորական ուսուցում, արտակարգ իրավիճակների պատրաստություն, ինչպես նաև փոխանակումներ իրավապահ, բիզնեսի, բժշկական, հանրային առողջապահության, կրթության ոլորտներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում