Հասարակական

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

2 րոպեի ընթերցում

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի թեկնածությունը:

Ըստ աղբյուրի՝ հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները, համակարգում անցած ճանապարհը և ևս մեկ անգամ ընդգծել իր կողմից Դատախազությունում բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանությունը. «Նշանակումները կատարում եմ երկար տարիներ Դատախազությունում ծառայած, փորձ ունեցող այն աշխատակիցներից, որոնք անկախ անձերից, ժամանակներից և իրավիճակներից հավատարիմ են եղել իրենց մասնագիտությանը, իրենց առաքելությանն ու մեր հայրենիքին»:

Նշվում է, որ Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Լիլիթ Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ՝ կարևորելով նրա պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ նվիրվածությունն ու պատասխանատու լինելը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Լիլիթ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել իր աշխատանքը:

Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը՝ այստեղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում