ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի նկատվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, այն կազմել է ՀՆԱ-ի 5.1 տոկոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի ներկայացմանը:
«Ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, որը կազմել է ՀՆԱ-ի 5.1 տոկոսը: Սա շատ բարձր ցուցանիշ է վերջին տարիների համար»,-ասաց նախարարը:
Ըստ նրա՝ բավականին բարձր է նաև կապիտալի կուտակման ցուցանիշը: Այսինքն՝ Հայաստանի տնտեսավարողներն իրենք են իրենց եկամուտները ներդրել իրենց կապիտալ կարողությունների զարգացման մեջ: «Վստահ ենք, որ առաջին տարիներին կնկատենք այս ներդրումների դրական ազդեցությունը մեր տնտեսության պոտենցիալի վրա»,-հավելեց Հովհաննիսյանը: