Հասարակական

Վարչապետը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. սեփականատերը նախկին պատգամավոր է

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. սեփականատերը նախկին պատգամավոր է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ներկրված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Այդ գործով ԱԱԾ-ն քիչ առաջ կամ մի քիչ ավելի վաղ իրականացրել է առաջին ձերբակալությունը: Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ «Հանրապետական» խմբակցության անդամ»,-ասաց Փաշինյանը:

Նա, սակայն, ընդգծեց, որ չի կարող որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել:

Վարչապետը նկատեց, որ, ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել: Ընդ որում, դրանում կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ: «Եվ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է հանցավոր խումբ, սակայն չի նախատեսում կուսակցական պատկանելություն: Հիմա, եթե պարզվի, որ որևէ մեկը «Հանրապետական» կուսակցության անդամ է, մենք պետք է հանրապետականներին կուսակցության նախագահի գլխավորությամբ և մշտական գործող մարմնին ձերբակալե՞նք: Կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ և անհավատներ: Ամեն գործ իր տրամաբանությամբ պետք է առաջ գնա»,-ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ ԱԱԾ-ին և ԱԽ նիստում շատ հստակ խնդիրներ է դրել իրավապահ մարմինների առաջ և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված խնդիրների կատարման հետ կապված կոնկրետ ժամկետ սահմանել: Վարչապետը վստահեցրեց՝ որևէ մեկի կուսակցական պատկանելությունը ոչ հօգուտ, ոչ ընդդեմ չի կարող աշխատել, ամեն կուսակցությունում էլ կարող են լինել մարդիկ, որոնք, պարզվի, այդքան էլ անկեղծ նվիրված չեն գաղափարներին:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում