Տնտեսություն

Ընկերությունները ևս մեկ տարի կկարողանան պետության աջակցությամբ ձեռք բերել նոր սարքավորումներ և հոսքագծեր

3 րոպեի ընթերցում

Ընկերությունները ևս մեկ տարի կկարողանան պետության աջակցությամբ ձեռք բերել նոր սարքավորումներ և հոսքագծեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերելու համար պետության աջակցության ծրագիրը կգործի ևս մեկ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախարարությունը վարում է տնտեսության արդիականացման ծրագիրը:

«Ծրագրի ներքո մենք ընկերություններին խրախուսում ենք ձեռք բերել նոր սարքավորումներ և հոսքագծեր, կառավարությունը սուբսիդավորում է դրա դիմաց վերցրած վարկերի տոկոսների ծանրակշիռ մասը: Ծրագիրը գործում է 1 տարի: Եվ այս 1 տարվա ընթացքում մենք կարողացել ենք ապահովել մոտ 100 մլրդ դրամի սարքավորումների ձեռքբերում՝ 1695 ձեռքբերման պայմանագրերով: Դրանց 57 տոկոսը մշակող արդյունաբերության ոլորտն է, երկրորդը՝ շինարարության, առողջապահության ոլորտում ևս ունենք 4 մլրդ-ից ավելի սարքավորումների ձեռքբերում: Ընկերությունները թարմացրել են իրենց սարքավորումներն ու հոսքագծերը, իսկ կառավարությունը սուբսիդավորում է իրականացնում»,-ասաց Քերոբյանը:

Միայն վերջին ամսում ձեռք են բերվել 13 մլրդ դրամի սարքավորումներ: Սակայն նախարարությունը տեսնում է նաև որոշակի լավացման հնարավորություններ: Մասնավորապես ընկերությունները հարց են բարձրացրել այդ սարքավորումների տեղադրման հետ կապված կապիտալ շինարարության համար վարկերի սուբսիդավորում իրականացնելու խնդրանքը:

«Մենք այս նախագծով առաջարկում ենք, որ նաև սուբսիդավորել սարքավորումների և հոսքագծերի տեղակայման ծախսերի, բայց ոչ ավել, քան սարքավորումների գնի 30 տոկոսի չափով, կապիտալ շինարարության տոկոսների սուբսիդավորումը՝ նույն չափով, ինչ վարկերի և լիզինգների գումարներն են: Դրանով թույլ ենք տալիս, որ ընկերությունները նաև ճիշտ միջավայր ապահովեն այդ սարքավորումների աշխատանքի համար»,-ասաց Քերոբյանը:

Մյուս փոփոխությամբ միջոցառման գործողության ժամկետը երկարաձգվում է 1 տարով: Ծրագիրը գործելու է մինչև այս տարվա վերջ, նախագծով լրացուցիչ 1 տարով երկարացվում է դրա գործողության ժամկետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարզային այցերի ընթացքում տեսնում են, օրինակ, առողջապահության ոլորտում մասնավորի կողմից արվող ներդրումներ: Նա ակնհայտ համարեց, որ բոլոր սարքավորումները ձեռք են բերվում այս ծրագրով:

«Գյուղատնտեսության ոլորտում ենք տեսնում ներդրումներ: Սառցարաններ են տեղադրվում, ամենատարբեր գյուղատնտեսական տեխնիկա է ներդրվում, և այսպես շարունակ»,-նշեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում