Հասարակական

Լոս Անջելեսի խաչմերուկներից մեկն անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի խաչմերուկներից մեկն անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկն «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով LAist պարբերականի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ «ի պատիվ հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող պատերազմող տարածաշրջանի, որը շատ կարևոր է Լոս Անջելեսի մեծ հայկական համայնքի համար»:

Ըստ քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի գրասենյակի՝ խաչմերուկն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը: Պարբերականը հիշեցնում է, որ դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի հետևանքով այնտեղ ապրող մարդիկ բախվել են սննդի պակասի և այլ խնդիրների:

«Ադրբեջանի բռնապետը բացահայտորեն սպառնացել է ցեղասպանությամբ և կոչ է արել վտարել բոլոր հայերին այն տարածքներից, որոնց նա հավակնում է՝ ևս մեկ անգամ սպառնալով ոչնչացնել հայ ժողովրդին իրենց հինավուրց հայրենիքում: Մենք այս քայլն արել ենք՝ հաստատելու Լոս Անջելեսի ժողովրդի համերաշխությունը Արցախի ժողովրդի հետ», - ասվում է Կրեկորյանի հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում