Հասարակական

Արցախից ՀՀ բուժառուների տեղափոխումը հնարավոր դարձնելու համար աշխատանքներ են տարվում. նախարար

2 րոպեի ընթերցում

Արցախից ՀՀ բուժառուների տեղափոխումը հնարավոր դարձնելու համար աշխատանքներ են տարվում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պայմաններում հնարավոր դարձնելու Արցախից Հայաստան ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում: Մեր բժիշկները կապի մեջ են, մենք էլ Արցախի առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք: Անհրաժեշտ բժշկական օգնությունը պացիենտներին տրամադրվում է»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցային օղակը համալրված է անհրաժեշտ բոլոր պարագաներով:

«Տարվում են նաև աշխատանքներ թե Կարմիր Խաչի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում՝ այդ տեղափոխումները հնարավոր դարձնելու»,-ասաց նախարարը:

Ադրբեջանի իշխանությունները Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով, արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ:

«Արմենպրես»-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից այս առնչությամբ տեղեկացրել էին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի՝ բոլոր որոշում կայացնողների հետ քննարկում է մանրամասներ, որոնք վերաբերում են իրենց աշխատանքի ձևաչափին:

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան վերջին անգամ բուժառուներ են տեղափոխվել ապրիլի 29-ին: Ադրբեջանը ապրիլի 23-ից անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում