Հասարակական

11 օր է՝ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխել. ԿԽՄԿ-ն կողմերի հետ քննարկումներ է անցկացնում

2 րոպեի ընթերցում

11 օր է՝ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխել. ԿԽՄԿ-ն կողմերի հետ  քննարկումներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ապրիլի 29-ից հետո Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխել․ ԿԽՄԿ-ն իր աշխատանքի ձևաչափին վերաբերող մանրամասներ է քննարկում կողմերի որոշում կայացնողների հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարությանը, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումից հետո Ադրբեջանն արգելում է ԿԽՄԿ-ին Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխել:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, կապված զարգացումների հետ, կողմերի բոլոր որոշում կայացնողների հետ քննարկում է մանրամասներ, որոնք վերաբերում են մեր աշխատանքի ձևաչափին»,-ասաց Ամատունին:

Քանի որ գործընթացը ընթանում է երկխոսության ձևաչափով, ունի կոնֆիդենցիալ բնույթ: Այսպիսով ԿԽՄԿ-ից չմանրամասնեցին, թե ինչ քննարկումների մասին է խոսքը:

«Խոսքը գնում է մեր մարդասիրական աշխատանքի շարունակականության մասին: Հույս ունենք, որ դա կվերականգնվի: Սակայն հստակեցման որոշակի պահանջներ կան, և հիմա այդ գործընթացն է: Այս ընթացքում փաստորեն չենք իրականացնում տեղափոխումներ, քանի որ պետք է ներգրավված բոլոր կողմերի հետ ունենանք որոշակիություն՝ կապված մի քանի մանրամասների հետ»,-ասաց Ամատունին:

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան վերջին անգամ բուժառուներ են տեղափոխվել ապրիլի 29-ին:

Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով, արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում