Հասարակական

Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժ. Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներ

2 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժ. Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները շեշտել են Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժի անհրաժեշտությունը՝ կրկնելով, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ներքոստորագրյալ անդամներս, խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ»:

Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն ընդգծել են, որ Լաչինի միջանցքում անցակետը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի ակնհայտ խախտում է։

«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց և բեռների ազատ ու անխափան տեղաշարժ: Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սադրանքներից և թշնամական գործողություններից սահմանի երկայնքով»,-ասված է հայտարարությունում:

Հայտարարությանը միացել են Բյորն Սյոդերը, Մարկուս Վիխելը, Յուսուֆ Այդինը, Էրիկ Հելսբորնը, Արին Կարապետը, Հական Սվենելինգը, Ալեքսանդր Քրիստիանսոնը, Մագնուս Օսկարսոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում