Հասարակական

Ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր անվտանգ կյանքը. Վեհափառ Հայրապետը՝ արցախցիներին

2 րոպեի ընթերցում

Ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր անվտանգ կյանքը. Վեհափառ Հայրապետը՝ արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին՝ հորդորելով մնալ հավատքով զորեղ, ամուր ոգով և ամուր կամքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի հերթական սադրիչ քայլին՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն:

«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության, այն բռնարարքի մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ: Նպատակը շատ հստակ է՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակների նկատմամբ»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր խոսքն ուղղեց Արցախի հավատավոր զավակներին.

«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարող լինենք դիմագրավել և այս փորձությանը: Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերը օգնական և պահապան ձեզ: Մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»,-եզրափակեց Վեհափառ Հայրապետը:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում