ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեմյան Փրոջեքթս»-ը, հավատարիմ մնալով հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման առաքելությանը, շարունակում է հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված իր նախաձեռնությունների շարքը՝ այս անգամ նվիրված հայկական լավաշին: Հենց այդ նպատակով էլ Երևանի «Լավաշ» ռեստորանում կայացավ «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ցուցահանդեսը:
Պարզվում է՝ հայկական լավաշն ունի տեսակներ, դիմագիծ և անուններ: Օրինակ, թոնրի տաքանալուց հետո թխված առաջին լավաշին թեժաթուխ են ասում, գեղեցիկ լավաշին՝ ծաղիկ-ծաղիկ… և այսպես՝ մոտ 20 տեսակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշեց, որ թեև ցուցադրությունն այս պահին խորհրդանշական «Լավաշ» ռեստորանում է, բայց այն լինելու է մնայուն. «Երեմյան Փրոջեքթս»-ի տարբեր առիթներին այն ցուցադրելու և հանրայնացնելու են:
«Մենք նաև ստեղծել ենք այս նույն նկարներով բացիկներ, որոնք մշտապես լինելու են «Լավաշ» ռեստորանում, որոնք նվիրելու ենք մեր այցելուներին: Այսպես ասած՝ ցուցադրությունը ֆիզիկապես ինչ-որ մի տեղում չի լինելու, բայց պարբերաբար տարբեր առիթների դրանք ցուցադրվելու են: Մեր նպատակը հենց դա է եղել՝ հնարավորինս տարածել մեր ազգային արժեքը: Դա նաև կլինի օնլայն տիրույթում. կա եռալեզու թարգմանություն, որպեսզի այն հնարավորինս շատ տարածվի»,- ասաց նա:
Լավաշը հայկական խորհրդանիշներից է և մեր ազգային խոհանոցում իր ուրույն տեղն ունի։ Ցորենի ալյուրից պատրաստվող անալի սպիտակ հացատեսակը հայերն ավելի քան երեք հազար տարի առաջ են բացահայտել։
Լավաշը թխում են թոնրում, և թոնրից դուրս եկող յուրաքանչյուր լավաշ իր տեսքն ու դիմագիծն ունի։ Տասնամյակների ընթացքում հացթուխները դրանց յուրօրինակ անվանումներ են տվել։
Հացթուխի վարպետությամբ ու լուսանկարչի հմտությամբ՝ լավաշներից յուրաքանչյուրն իր ուրույն գույնը, ձևն ու բովանդակությունն են ստացել։ Որքան տաք է թոնիրը, և որքան հմուտ է հացթուխը, ըստ այդմ՝ որոշվում է լավաշի դիմագիծը։
Այցելուներից դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շատ է գնահատում նման միջոցառումները, քանի որ սա հնարավորություն է՝ ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու ազգային հարստությունը:
«Ես միայն խրախուսում եմ այն ինչ վերաբերում է հային, հայկականը առաջ բերելուն, և ինչու ոչ՝ աշխարհին ցույց տալու, թե ո՞րն է հայկականը: Լավաշը մեր ազգայինն է, և սա ևս մեկ առիթ է, որը հիշեցնում է դրա մասին: Ինձ համար բուն գաղափարը, մտածողությունը և ներկայացնելու տարբերակը յուրահատուկ էր, շատ գեղեցիկ կերպով է ներկայացվում: Ես դեռ նման բան չէի տեսել ու չգիտեի որ լավաշը կարող է ունենալ բնավորություն, գույն, դեմք և անգամ՝ անուն, ու այդ ամենը հրաշք վարպետ հացթուխների շնորհիվ»,- նշեց Անահիտ Կիրակոսյանը:
Նշենք, որ 2014 թվականին լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: