Հասարակական

Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ է կհատկացնի քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման համար

5 րոպեի ընթերցում

Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ է  կհատկացնի քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ապրիլի 13-ին, Հայաստանի կառավարության նիստում։

Մասնավորապես, ՀՀ 2023 թ. պետբյուջեից ներգրավվող ֆինանսական միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզները, ինչպես նաև բարեկարգել Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները: Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և շրջակա տարածքի բարեկարգման նախագիծը կստեղծի Կենտրոն վարչական շրջանում նոր մշակութային և հանգստյան գոտի, որը կհաղորդի Երևան քաղաքին ճարտարապետական և զբոսաշրջային նոր շունչ: Նախատեսվում է հիմնանորոգել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները: Կարևորելով Երևան քաղաքի պոլիկլինիկաների կողմից մատուցվող առողջապահական ծառայությունները և դրանց որակական բարձրացումը՝ նախատեսվում է հիմնանորոգել Արաբկիր վարչական շրջանի հ.11 պոլիկլինիկան և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկայի մասնաշենքը: Նախատեսվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասում, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկը ընկած հատվածում կառուցել կոյուղատար համակարգ, որտեղ դրա բացակայության պատճառով տեղի բնակիչները և դպրոցի շահառուները բախվում են մի շարք կենցաղային խնդիրների: Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար։ Այս փուլում նախատեսվում է նաև կառուցել գազաբաշխիչ կայան (ԳԲԿ), որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում: Կառուցման համար արդեն նախատեսված է 480քմ արտադրական նշանակության հողամաս։ Նախատեսվում է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները փոխարինել 473 նոր վերելակներով, որն էապես կնպաստի Երևան քաղաքի ընդամենը փոխարինման ենթակա վերելակների թվի կրճատմանը: Նախատեսվում է կառուցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհ, որի երկարությունը կկազմի շուրջ 1381 մ: Երևան քաղաքում փողոցների միջին նորոգման աշխատանքներ են իրականացվելու Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն քննարկվել է երկար ժամանակ. «Տեղյակ եք՝ մարզերում իրականացնում ենք տարբեր պետական, այդ թվում սուբվենցիոն ծրագրեր: Ընդ որում, հիմա այդ ներդրումների ծավալները բավականին տպավորիչ են. Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրեցի, որ միայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 2018թ.-ից մինչև օրս Վայոց ձորում ներդրել ենք 35 մլրդ դրամ: Դա ահռելի գումար է, և կարծում եմ՝ ընդհանրապես մենք այս վիճակագրությունը՝ 2022թ. արդյունքներով բոլոր պետական ծրագրերը և սուբվենցիոն ծրագրերը, ներդրումները ըստ մարզերի կենտրոնացնենք, որպեսզի նաև վիզուալ տեսնենք: 2019, 2020 թվականներից սկսած Երևանի մեր գործընկերները բարձրացնում էին այն հարցը, որ Երևան քաղաքը սուբվենցիոն ծրագրերից չի օգտվում, մենք շատ դեպքերում նաև պետական ուղիղ ֆինանսավորմամբ չենք իրականացնում ներդրումներ: Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս պարագայում տեսնենք, թե ինչ կարևոր ծրագրեր կան, որոնք նաև մեր քաղաքական հանձնառությունն են, փորձենք դրանք հերթով իրականացնել: Եվ ահա շուրջ մեկ տարի քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, թե որ ծրագրերը պիտի իրականացվեն»:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում