Հասարակական

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ապօրինի տեղակայված դիրքերից. «Թաթոյան» հիմնադրամ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ապօրինի տեղակայված դիրքերից. «Թաթոյան» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում Ադրբեջանի ապրիլի 11-ի կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետանքով կան զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում նման գնահատական է հրապարակել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

«Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժման ենթարկված դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված:

Սա ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է. ապօրինաբար տեղակայվում են ՀՀ տարածքներում կամ հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին, իսկ հետո հանցանքեր գործում խաղաղ բնակիչների ու զինծառայողների նկատմամբ (կրակոցներ, գողություններ և այլն), մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը: Մեր թե´ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի, թե´ Ոստիկանության ծառայողները խաղաղ բնակչությանը պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։

Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում` ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության ու հանցավոր անպատժելիության պայմաններում:

Բոլոր հիմքերը կան ու շարունակում են պահպանվել, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի:

Մենք իրականացնում ենք փաստերի հավաքագրում, վերլուծություն և ամփոփում` անհրաժեշտ գործընթացների համար ամրագրում հավաստի ապացույցներ` միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում