Հասարակական

Կյանքից հեռացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովիպատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է  «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովիպատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սգում է խաղաղության հայտնի ակտիվիստ եւ իրավապաշտպան Բենջամին Ֆերենցի մահը, որն «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին էր միացել 2019 թվականին՝ որպես պատվավոր համանախագահ:

«Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը, որը երկար տարիներ պայքարել էր միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, դարձավ նաեւ «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում, ու նրա բացակայությունը խիստ նկատելի կլինի «Ավրորայի» համայնքում:

Նա վերջինն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները քննողներից, որը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում հանդես էր գալիս որպես ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազ:Բենջամին Ֆերենցն իր ամբողջ կյանքը նվիրեց մարդու իրավունքների եւ համընդհանուր խաղաղության համար պայքարին՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով իր առաքելությունը:

Իր ողջ գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների եւ ցեղասպանության: Մարդկության դեմ հանցագործության զոհերի համար արդարություն հաստատելու նրա համառ ջանքերը հավերժ կմնան մարդկության հիշողության մեջ: Նաեւ նրա շնորհիվ է աշխարհը բարեփոխվել, ու նրա բացակայությունը կզգան ամենուրեք, բայց Բենջամին Ֆերենցի հիշատակն ու ժառանգությունը վառ կմնա հավետ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Բենջամին Ֆերենցի ընտանիքին»,- ասված է IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում