ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը (խմբ․ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Համաշխարհային բանկի խմբի անդամ է):
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները.
- Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում
- Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում
- Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում: