Հասարակական

Վարդենիս քաղաքում բացվել է Ֆրանկոֆոնիայի կենտրոն

3 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքում բացվել է Ֆրանկոֆոնիայի կենտրոն

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցում բացվել է Ֆրանկոֆոնիայի կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, կենտրոնի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության գծով կցորդ Մարի Լորժոնը, դեսպանության կրթական եւ համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, պաշտոնական այլ անձինք։ Կենտրոնի բացման կապակցությամբ կազմակերպվել է հետաքրքիր միջոցառում, որի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել ֆրանսահայ երգչուհի Անահիտ Բոյադջյանը եւ երաժշտական դպրոցի աշակերտները։

Ողջույնի խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ «Մարտի 20-ին լրացավ Ֆրանկոֆոնիայի հիմնադրման 53 ամյակը, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։Ուրախալի է այն փաստը, որ Ֆրանկոֆոն 58 երկրների շարքում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Պատահական չէ Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիային, քանի որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդներն իրար հետ կապված են դարավոր ու ամուր կապերով։ Առավել կրկնապատկվեց ուրախությունս, երբ Վարդենիս համայնքում բացվեց Ֆրանկոֆոն կենտրոնը։ Կենտրոնի վերանորոգման եւ կահույքի տրամադրման համար շնորհակալ ենք «Solidarite’ Arme’nie» կազմակերպությանը։

Կամավորական աշխատանքների եւ տարածաշրջանում իրականացրած բազմաթիվ ծրագրերի համար շնորհակալ ենք «SOS Chre’tiens d'Orient» կազմակերպությանը, իսկ «SPFA Arménie»-֊ի հետ կազմակերպվելու են ֆրանսերենի ուսուցման դասընթացները, որտեղ ներգրավվելու են 9-11 եւ 12-15 տարիքային խմբերում ընդգրկված աշակերտները։

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շնորհիվ մեր համայնքում տարածվում է ֆրանսիական գեղեցիկ խոսքը եւ երաժշտությունը, ստեղծվում են գործընկերային կապեր, փորձի փոխանակումներ գրական-մշակութային համագործակցության ոլորտում»,-նշել է Ահարոն Խաչատրյանը։

Համայնքի ղեկավարը, գնահատելով Ֆրանկոֆոնիայի կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարած աշխատանքները, համապատասխան կազմակերպություններին հանձնել է պատվոգրեր։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում