Իրավիճակը էականորեն բարելավվել է. Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են սահմանի ճշգրտում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
ԱԱԾ-ից նաև հայտնում են, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։
Ավելի վաղ՝ մարտի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվեր Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցներ Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով եւ իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:Համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կար, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: