Տնտեսություն

ՀՀ ԲՏԱ նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են ոլորտում երկու երկրների համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են ոլորտում երկու երկրների համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:

Դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում առկա հարաբերությունների զարգացմանը: Դեսպանն անդրադարձել է Ամազոն Վեբ Սերվիսի (AWS) հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակումSADA-ի հետ ստորագրված Համագործակցության հուշագրին, համոզմունք հայտնել, որ հուշագրերի կնքումը հիմք կծառայի ավելի սերտ և արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, 5Gցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված, ինչպես նաև կրթական, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը՝ հարաբերությունների խորացման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում