Հասարակական

«Թումո»-ի նոր նախագիծը՝ կենտրոնում կարիերա կառուցելու նոր հնարավորություն

3 րոպեի ընթերցում

«Թումո»-ի նոր նախագիծը՝ կենտրոնում կարիերա կառուցելու նոր հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թումո»-ում նոր մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու հնարավորություն ստեղծելու նպատակով մեկնարկեց «Թումո» ակադեմիա վեցամսյա կրթական ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան աշխատել Թումոյի մարզային կենտրոններում:

«Մենք այսօր հայտարարում ենք մի նախագիծ, որի արդյունքները տեսնելու ենք տասնամյակներով։ Ընդլայնելով մեր աշխարհագրությունը ՀՀ-ի մարզերում ու Արցախում՝ նպատակ ենք դնում բոլոր պատանիներին տալ հավասարապես որակյալ, առաջադեմ կրթություն։ Անկախ նրանից՝ պատանին Թումոյի քաղաքային կենտրոն է հաճախում, թե գյուղական համայնքի Թումո տուփ՝ նրա ստացած կրթության բովանդակությունն ու որակը պետք է նույնը լինի։ Այդ նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է կառուցել հարյուրավոր մասնագետներից կազմված հզոր թիմ՝ մարզիչներ, դասընթացավարներ»,- ասաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Գործարկման առաջին փուլում այն կտրամադրի ուսուցում ութ ոլորտներում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն և ստեղծագրություն: Հետագա փուլերում նախատեսվում է պատրաստել դասընթացավարներ Թումոյի կրթական բոլոր 14 ոլորտներում` այժմ աշխատող և մոտակա տարիներին գործարկվող մարզային կենտրոնների, ինչպես նաև Թումո Երևանի համար։

«Մենք տալիս ենք հնարավորություն ձեռք բերել նոր մասնագիտություն և լավագույններին ապահովելու ենք աշխատանքով «Թումո»-ի նորարարական կրթական միջավայրում: Ծրագիրն ունի երկու փուլ՝ յուրաքանչյուրը 3 ամիս: Առաջին փուլն ինտենսիվ դասընթացներ են, որտեղ մասնակիցները կստանան կրթաթոշակ: Երկրորդ փուլը վճարովի պրակտիկան է, որտեղ մասնակիցները կկարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնականում»,- ասաց ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը:

Ծրագիրն իր առաջին փուլում կկենտրոնանա Կապան, Կողբ և Դիլիջան համայնքների Թումո կենտրոնների համար դասընթացավարներ պատրաստելու վրա, իսկ հետագայում՝ Թումոյի ընդլայնմանը զուգահեռ, կգործարկվի բոլոր մարզերում։

«Ծրագրին միանալու համար միակ նախապայմանը 21 և ավելի տարեկան լինելն է: Մինչ 2023-ի ապրիլի 1-ը, լրացնելով հարցաթերթիկ առցանց academy.tumo.org կայքում, առաջին խմբի դիմորդները կանցնեն նախնական ընտրության, հարցազրույցի և առաջադրանքի փուլերը, և, դրանք հաղթահարելու դեպքում, կսկսեն ուսուցումը 2023-ի մայիսից»,- ասաց Դավթյանը։

Ակադեմիայի ուսանողների հետ աշխատելու է դասընթացավարների թիմը: Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից և կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից: Բոլոր մանրամասները՝ academy.tumo.org կայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում