Տնտեսություն

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 9 մարզի հատկացրեց ավելի քան 2 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 9 մարզի հատկացրեց ավելի քան 2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 9 մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացվի ավելի քան 2 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, 9 մարզերի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 23-ի նիստում:

«Առաջարկում ենք 2021-2022 թթ հաստատված ծրագրերի համար 2023 թ բյուջեից իրականացնել հատկացում: Մասնավորապես 9 մարզերի համար հատկացումը կազմում է 2 մլրդ 387 մլն դրամ: Դա վերաբերում է 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2 ծրագրի համար 209 մլն դրամ, Արարատի մարզ՝ 5 ծրագրի համար 827 մլն դրամ, Արմավիր՝ 5 ծրագրի համար 273 մլն դրամ, Լոռի՝ 3 ծրագրի համար 49 մլն դրամ, Կոտայք՝ 3 ծրագրի համար 176 մլն դրամ, Սյունիք՝ 4 ծրագրի համար 256 մլն դրամ, Վայոց ձոր՝ 1 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշ՝ 1 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշ՝ 3 ծրագրի համար 25 մլն դրամ, Գեղարքունիք՝ 3 ծրագրի համար 334 մլն դրամ: Գեղարքունիքում կան նաև 27 ծրագրեր, որոնց համար հատկացվում է 207 մլն դրամ: Այդ ծրագրերի համար կառավարությունը գումար հատկացրել էր դեկտեմբերին: Սակայն փաստաթղթային փաթեթների կամ շինարարական աշխատանքների ոչ պատշաճ վերջնական տեսքի և այլնի համար մարզպետարանը չի վճարել: Եվ հիմա դրանք բոլորը բերվել են պատշաճ տեսքի, և հատկացումն արվում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է: Դրանք տարաբնույթ են՝ գազատարի կառուցման աշխատանքներից մինչև խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ, մանկապարտեզի կառուցումից մինչև փողոցների նորոգում, ասֆալտապատում և այլն: Բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են, մոտենում են ավարտական փուլին:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում