Հայաստանում Ճապոնիայի դեսպանը խոստանում է անել առավելագույնը՝ խորացնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա ՄասանորինՀայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն խնդիրներն է համարում տնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայտարարեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան առիթով հրավիրված ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Դեսպանը նախ շնորհավորեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան 63-րդ տարեդարձը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է հարգարժան հյուրերի մասնակցությամբ երեք տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպել ընդունելություն նվիրված Նորին մեծության կայսրին։
Ֆուկուշիմա Մասանորինշատ նշանակալից է համարում 2022 թվականը Ճապոնիա-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ սեպտեմբերի 7-ին երկու երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
«Այս ընթացքում մեր երկու երկրները շարունակաբար զարգացրել են երկկողմ հարաբերությունները՝ բոլոր կողմերի ջանքերի և համագործակցության շնորհիվ։ 30-ամյակի կապակցությամբ երկու կառավարությունները տարբեր միջոցառումներ էին անցկացնում Ճապոնիայում և Հայաստանում։
Ճապոնիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո անցկացվել են մի շարք մշակութային միջոցառումներ»,- ասաց դեսպանը։
Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ 2023 թվականի փետրվարին և մարտին Ճապոնիայի դեսպանությունը Հայաստանի չորս քաղաքներում անցկացնելու է ճապոնական ֆիլմերի փառատոն, ինչպես նաև դեսպանությունը հայկական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մարտին հրավիրելու է ճապոնացի երաժիշտի, որը երաժշտասերներին կներկայացնի ճապոնական ավանդական երաժշտական գործիքը՝ կոտոն։
«1991 թվականից սկսած՝ Ճապոնիան, ձգտելով նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական առաջընթացին տարբեր ոլորտներում, տրամադրել է մոտ 430 միլիոն դոլարի օժանդակություն՝ դրամաշնորհային աջակցության, տեխնիկական օժանդակության և վարկային օգնության ծրագրերի միջոցով։
Օրինակ՝անցյալ տարվա նոյեմբերին Ճապոնիայի կառավարությունը Առողջապահության նախարարությանը տրամադրեց 39 շտապօգնության մեքենա։
Ինչ վերաբերվում է մեր երկրների միջև մարդկային փոխանակումներին, ապա ես կցանկանայի նշել, որ ճապոնացի աշխարհահռչակ բժիշկ, վիրաբույժ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱկիրաԻշիյամայի ներդրման մասին, որն ամեն տարի բազմաթիվ բարդ վիրահատություններ է կատարում հայ երեխաների համար։
Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն խնդիրներն են՝ տնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։
Որպես Հայաստանում Ճապոնիայի դեսպան՝ անելու եմ առավելագույնը վերը նշված նպատակներին հասնելու համար»,- եզրափակեց դեսպանը։
Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ծննդյան օրն ամեն տարի Ճապոնիայում նշվում է փետրվարի 23-ին, որը երկրի համար համարվում է ազգային տոն։ Ճապոնացիները այդ օրը իրենց երախտագիտությունն ու բարեմաղթանքներն են հայտնում Նորին մեծության կայսրին: Տոնակատարությունները ներառում են շքերթներ, մշակութային ներկայացումներ և ավանդական արարողություններ, իսկ Տոկիոյի կայսերական պալատը բաց է հանրության համար: