Քաղաքականություն

Կանադայի Խորհրդարանում կայանալիք հատուկ նիստին կհրավիրվեն ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի ներկայացուցիչն ու Արցախի ՄԻՊ-ը

2 րոպեի ընթերցում

Կանադայի Խորհրդարանում կայանալիք հատուկ նիստին կհրավիրվեն ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի ներկայացուցիչն ու Արցախի ՄԻՊ-ը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով գումարվել է Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության շրջափակմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել, ինչպես նաև տեղում իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Համապատասխան որոշման մեջ օգտագործված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը։

«Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման և արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սույն որոշումն իր բնույթով բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական հանձնաժողովն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, այլ նաև քննարկման է հրավիրում Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին։ Սա Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման նոր դրսևորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական շրջան աշխատանքներ է իրականացնում»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը կանադական խորհրդարանում առաջիկա զարգացումների վերաբերյալ հանդես կգան հաղորդագրություններով։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում