Հասարակական

Հայաստանը ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը

4 րոպեի ընթերցում

Հայաստանը ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դարձավ Կովկասում առաջին երկիրը, որը ստորագրեց Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը աշխարհում այս հռչակագիրը ստորագրող 38-րդ երկիրն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ Հայաստանը հռչակագրի ստորագրմամբ պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ:

«Այսօր կլիմայական փոփոխությունները ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար դարձել են առաջնային, և երեխաններն ու երիտասարդները, ըստ էության, կլիմայական փոփոխությունների ամենախոցելի թիրախում են գտնվում: ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։ Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն և ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում»,– ասաց Սիմիդյանը։

Նա շեշտեց՝ այս ծրագիրը շատ կարևոր գործընթաց է, և նախարարության ռազմավարության մշակման շրջանակում ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ աշխատանքը կարող է օգնել երեխաների և երիտասարդների մասով ճշգրիտ լուծումներ գտնելուն։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանն ընդգծեց, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ճանաչելու և հաշվի առնելու երեխաների և երիտասարդների կարիքներն ու իրավունքները, ինչպես նաև նրանց տեսլականը, երբ խոսքը վերաբերում է բոլոր մակարդակներում կլիմայի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշեց, որ կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի և սակավաջրության ավելացման: «Երեխաները ամենախոցելին են այս վտանգների նկատմամբ: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են ավելի ու ավելի շատ երեխաներ ու երիտասարդներ միավորվում գործողություններ իրականացնելու կոչերով: Իսկ այսօր շատ ուրախ եմ տեսնել, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ»,-ասաց նա:

Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ ՅՈւՆԻՍԵՖ–ը համագործակցելու է ՀՀ շրջակա միջավայրի, ինչպես նաև կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների և այլ գործընկերների հետ։ Շարունակվելու է դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ` բարելավելու դպրոցական ծրագրերը և մշակելու ուսումնական նյութեր, որոնք արդյունավետորեն կներգրավեն աշակերտներին` կլիմայի փոփոխությունը մեղմելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում