Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում քննարկվել է Արցախին աջակցություն ցուցաբերելու հարցը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում քննարկվել է Արցախին աջակցություն ցուցաբերելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հիմնադրամից, նիստին տեսակապի միջոցով մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև՝ Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրեցին Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։

Նիստի մասնակիցները քննարկեցին ստեղծված իրավիճակը, շեշտվեց Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբման անհրաժեշտությունը: Ներկայացվեցին Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, Հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև՝ Հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվեց ակտիվ աշխատանքներ տանել՝ իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև՝ երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:

ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն հայտնեց անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2021-2022 թթ. ընթացքում Հիմնադրամը Արցախում արդեն իսկ իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին։ Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, ավելի քան 52 կմ տարբեր ռազմավարական ճանապարհներ և մի քանի համայնքներում խմելու ջրի ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացման տասնյակ ծրագրեր:

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում