Հասարակական

«Արմենպրես»-ը մասնակցել է ԱՊՀ տեղեկատվական խորհրդի նիստին

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ը մասնակցել է ԱՊՀ տեղեկատվական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկախ պետությունների համագործակցության պետական ​​լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ Տեղեկատվական խորհուրդ) XXVIII նիստի մասնակիցները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են հաջորդ տարվա ստեղծագործական համագործակցության հարցեր։

«Արմենպրես» (Հայաստան), «Բելտա» (Բելառուս), «Կազինֆորմ» (Ղազախստան), «Կաբար» (Ղրղզստան), «ՏԱՍՍ» (Ռուսաստան), «Խովար» (Տաջիկստան), «ՈւզԱ» (Ուզբեկստան), «Ազերթաջ» (Ադրբեջան) գործակալությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աշխատանքը տեղեկատվական գործունեության համակարգմանը, ԱՊՀ անդամ պետությունների միջև հումանիտար և տեղեկատվական ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ նախագծերի և միջոցառումների նախապատրաստման և իրականացման ուղղությամբ։ Հաջորդ տարի ԱՊՀ-ում նախագահության առնչությամբ Ղրղզստանը նշել է, որ հանրապետությունում նախատեսված է գրեթե 100 խոշոր միջոցառում անցկացնել։ Տեղեկատվական խորհրդի անդամները կողմ են արտահայտվել դրանց օպերատիվ լուսաբանմանը և համապատասխան տեղեկատվության փոխանակմանը։

Նշվել է նաև, որ հարկավոր է համագործակցել՝ հակազդելու կեղծ լուրերի տարածմանը, որոնց նպատակն է անվստահություն սերմանել ժողովուրդների միջև։ Ըստ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների՝ ժամանակակից պայմաններում տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերն ամենահրատապներից են։

Հանդիպման ընթացքում արծարծվել է ժողովուրդների պատմական հիշողության պահպանման անհրաժեշտության թեման։ Հանդիպման մասնակիցները ծանոթացել են այս ոլորտում Բելառուսի պետական ​​լրատվական գործակալության գործունեությանը, արխիվային նյութերի հիման վրա եզակի հրապարակումների, ցուցահանդեսների և պաստառների պատրաստման փորձին. Բելառուսում այս տարին հայտարարված էր Պատմական հիշողության տարի։

ԱՊՀ-ի լրագրողների ծրագրերի մեջ է մտել ավելի քան 150 միջոցառումների լուսաբանումը՝ նվիրված մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Ռուսաց լեզվի՝ որպես ազգամիջյան հաղորդակցության լեզվի տարվան, որը ԱՊՀ-ն հռչակեց 2023 թվականին, ԱՊՀ երկրների II խաղերին, որոնք նախատեսված են հաջորդ տարվա օգոստոսին, ինչպես նաև իրադարձություններին Սանկտ Պետերբուրգում, որին գալիք տարում կփոխանցվի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը։ Քննարկումների ընթացքում բարձրացվել են նաև ժողովուրդներին ջրով ապահովելու, կլիմայի փոփոխության խնդրին առնչվող հարցեր։

Մասնակիցները պայմանավորվել են զարգացնել ներքին զբոսաշրջության թեման ԱՊՀ տարածքում, իրականացնել լրագրողների փոխանակումներ և իրագործել այլ համատեղ նախագծեր։

Տեղեկատվական համագործակցություն

ԱՊՀ Տեղեկատվական խորհուրդը ստեղծվել է 1995 թվականի նոյեմբերին։ Այն բաղկացած է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Տաջիկստանի պետական ​​լրատվական ծառայությունների ղեկավարներից։ Տեղեկատվական խորհրդի նախագահը «ՏԱՍՍ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովն է։

ԱՊՀ Տեղեկատվական խորհրդի գործունեությունն ուղղված է տեղեկատվական ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության և համագործակցության ապահովմանը, տեղեկատվության անխոչընդոտ տարածման և մասնագիտական ​​փորձի արդյունավետ փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև լրատվամիջոցների գործընկերության ամրապնդմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում