Գարեգին Երկրորդը դիմել է միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի անմարդկային գործողություններին հակազդելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։

Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն անվիճարկելի է դարձնում այն իրողությունը, որ արցախահայության անվտանգ կյանքը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արդեն իսկ դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին՝ Ադրբեջանի այս անմարդկային գործողություններին հակազդելու և արցախահայության հումանիտար աղետալի իրավիճակը հաղթահարելու համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասումն է, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատականներ կտա մարդու իրավունքների հիմնարար նորմերը ոտնահարող Ադրբեջանի սադրանքներին, որոնք մեծապես վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և կայունությունը:

Հորդորում ենք նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, շոշափելի և առարկայական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար:

Աղոթում ենք, որ Աստված Իր աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահի Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ՝ մեր ժողովրդին»:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Հայերեն العربية English Русский

ԱԳ նախարարը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

18 երկիր, 540-ից ավելի մարզիկ. Գյումրիում ընթանում է Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում

Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ

Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում ընթացող առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային